Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2009 թվականի սեպտեմբերի 14-19 մասնակցեց Հարավային Աֆրիկայի Քեյփ Թաուն քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ-ի` Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության 32-րդ վեհաժողովին։ 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԻՍՕ-ի թղթակից, իսկ 1997 թվականից լիիրավ անդամ։ Ստանդարտների ազգային ինստիտուտը մասնակցում է 14 տեխնիկական հանձնաժողովի, 19 ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի աշխատանքներին, ընդ որում, ոչ միայն ֆիզիկապես, այլ ակտիվ տեխնիկական աշխատանքներով։

ԻՍՕ-ի վեհաժողովներին ներկայացված լինելը, բացի տեխնիկական բնույթի խնդիրների քննարկումից, համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի և ճանաչման ձեռք բերման լավագույն հնարավորություններից է։ ԻՍՕ-ի անդամները մեծամասամբ բաց չեն թողնում այս հնարավորությունը որպեսզի շփվեն միմյանց հետ, ձեռք բերեն նոր պայմանավորվածություններ և հիմք դնեն համագործակցության նոր ձևերին։ Այստեղ է որոշվում նաև միջազգային ստանդարտացման հաջորդ տարվա հեռանկարը։

Վեհաժողովի այս տարվա գլխավոր թեման, ինչպես և ՍԵՆ-ի վեհաժողովի դեպքում, վերաբերվում էր էներգիայի կայուն օգտագործմանը։ Էներգիայի օգտագործման հետ կապված մարտահրավերները ներկայումս ԻՍՕ-ի կողմից դիտվում են միջազգային հանրության ամենալուրջ խնդիրը։ Էներգիայի սպառման ներկայիս վարքի փոփոխությունը, որը նպաստում է կլիմայի փոփոխությանը, էներգիայի առավել արդյունավետ օգտագործման պահանջները, վերականգնվող էներգիայի աղբյուրների հայտնաբերումը համաշխարհային օրակարգային հրատապ խնդիրներից են։ Էներգիայի կայուն օգտագործման կապակցությամբ անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռք բերումը համեմատաբար դյուրին գործընթաց է։ Սակայն այդ մարտահրավերների հաղթահարումն ինքնին շատ ավելի բարդ խնդիր է։ Անգլիացիներն ասում են ,,սատանան մանրուքների մեջ է,,։ Եվ հենց այդ պարագայում է, որ օգնության են գալիս ԻՍՕ-ի ստանդարտները, քանի որ կարիք կա ոչ միայն վերանայելու ներկայումս առկա հնարավոր եղանակներն, այլև մշակելու նոր գիտական մոտեցումներ։ Ինչպես մյուս ոլորտներում, էներգիայի կայուն օգտագործման ոլորտում ևս ԻՍՕ-ն սերտորեն համագործակցում է ոլորտի այնպիսի խոշոր դերակատարների հետ, ինչպիսիք են Էներգիայի Միջազգային Գործակալությունը (IEA), Միջազգային Էլեկտրատեխնիկական Հանձնաժողովը (IEC) և Էներգետիկայի Համաշխարհային Խորհուրդը (WEC).

Մեկ ամբողջ օր տևած քննարկումներն իրականացվեցին երկու խմբերի ներքո։ Առաջինը նվիրված էր էներգիայի օգտագործման արդյունավետությանը, որը ներառում է ներկա և ապագա ստանդարտների ներդրմանը էներգիայի կառավարման և արդյունաբերության մեջ էներգիայի օգտագործման ոլորտներում։ Վերջինս ուղղակիորեն ազդում է տնտեսական աճի վրա, քանի որ արդյունաբերությունը ներկայումս էներգիայի ամենախոշոր սպառողն է ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած տնտեսությամբ երկրներում։ Երկրորդ խումբը քննարկում էր միջազգային ստանդարտների դերը վերականգնվող էներգիայի աղբյուրների հայտնագործման ոլորտում` գեոթերմալ, քամու և արևի էներգիայի ստացման կոնկրետ օրինակների վրա։

Ի թիվս քննարկված այլ հարցերի, զարգացող երկրների նախաձեռնությամբ վեհաժողովի քննարկմանն առաջարկվեց նաև ստանդարտացման և համապատասխանության գնահատման գործունեությունների միևնույն կազմակերպության շրջանակներում համատեղելիության հարցը։

Նախ, խնդիրը խորությամբ քննարկվեց ԴԵՎԿՕ-ի` Զարգացող Երկրների Հարցերով Կոմիտեի խմբային նպատակային քննարկման ընթացքում, որտեղ հրավիրված ԻՍՕ-ի միջազգային փորձագետը հստակ նշեց, որ այդ համատեղելիությունը թերևս անխուսափելի և անհրաժեշտ է զարգացող երկրներում։ Բացառություն են կազմում միայն տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման գործառույթները, որոնք կարգավորիչ դեր ունեն։ Թեև նման մոտեցումը ևս տարածված է բազմաթիվ երկրներում։

Այնուհետև, սեպտեմբերի 16-ին վեհաժողովի քննարկմանը ներկայացվեց համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի վեհաժողովը վերահաստատում էր ԻՍՕ-ի խորհրդի 5/1998 որոշումն առ այն, որ ստանդարտացման և համապատասխանության գնահատման գործունեությունները չեն հակասում միմյանց և կարող են համատեղվել միևնույն կազմակերպության ներքո։ Այդ որոշմանը կողմ արտահայտվեց ԻՍՕ անդամների մեծամասնությունը` գրեթե բոլոր զարգացող երկրները, ինչպես նաև Ֆրանսիան, Բրիտանիան, ԱՄՆ և այլն։ Կային նաև դեմ արտահայտվող անդամներ, օրինակ` Գերմանիան և Ավստրալիան, որոնց հիմնական պատճառաբանությունը հարցի ավելի խորը ուսումնասիրման անհրաժեշտությունն էր և ԿԱՍԿՕ-ի` Համապատասխանության Գնահատման Կոմիտեի կարծիքը խնդրի վերաբերյալ։

Արդյունքում, վեհաժողովը ընդունեց 6/2009 որոշումը, ըստ որի ԻՍՕ-ի խորհրդին հանձնարարվեց ուսումնասիրել խնդիրը` հաշվի առնելով հնչեցված բոլոր կարծիքները և մեկնաբանությունները, և համապատասխան ընթացք տալ հարցին։ Միաժամանակ, սեպտեմբերի 19-ի ԻՍՕ-ի խորհրդի նիստի ժամանակ ընդունվեց 25/2009 որոշումը, ըստ որի հանձնարարվեց ԻՍՕ-ի գլխավոր քարտուղարին ապահովել առկա բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը` խնդրին առնչվող մասով և խորհրդի 2010թ. մարտի նիստի ժամանակ ներկայացնել եզրակացություն ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ։

Բացի նշված խնդիրների քննարկումներից, որոնք կարևորվում են ոչ միայն Հայաստանի, այլ համաշխարհային առումով և օգտակար են հետագայում համապատասխան տեխնիկական ստանդարտների ու կանոնակարգերի մշակման համար, վեհաժողովը նաև օգտակար էր նոր ծանոթությունների և համագործակցության առաջարկների ձեռք բերման համար։ Մասնավորապես, Հայաստանի պատվիրակությունը առանձնակի հանդիպումներ ունեցավ ԻՍՕ-ի նախագահ պրն. Ալան Մորիսսոնի, ԻՍՕ-ի գլխավոր քարտուղար պրն. Ռոբ Սթիլի, ԴԵՎԿՕ-ի գլխավոր քարտուղար պրն Բիեր Բուդուի, ՍԵՆ-ի գլխավոր քարտուղար պրն. Գաստոն Միշոի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Իսրայելի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հարավային Աֆրիկայի, Եգիպտոսի, Պաղեստինի, Հորդանանի և այլ պատվիրակությունների հետ։ Այդ առանձնազրույցների և քննարկումների արդյունքում, մասնավորապես, հաջողվեց համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել Ֆրանսիայի ԱՖՆՈՐ ստանդարտացման կազմակերպության և Իսրայելի ստանդարտացման կազմակերպության հետ։ Ներկայումս, քննարկվում են համապատասխան համաձայնագրերի պաշտոնապես կնքման մանրամասները։

Պարզ դարձավ նաև, որ մինչ այժմ Հայաստանը պատշաճ ձևով ներկայացված չի եղել միջազգային ստանդարտացման ոլորտներում։ Շատ երկրներ առաջին անգամ էին ծանոթանում Հայաստանի պատվիրակության հետ և մեծ հետաքրքրություն էին դրսևորում հետագա համագործակցության համար։
 
 
 
Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...